Փոքրիկ ծիրանենին
Աշնան մի խաղաղ ու պայծառ օր, կեսօրին, Սպահանի ծայրամասում գտնվող բավականին համեստ ու սիրուն երկհարկանի տան մոտ մի սևատարազ հեծյալ հայտնվեց: Նա ճարպկորեն իջավ ձիուց ու մտրակի կոթի ծերով սկսեց ծեծել նախշավոր երկաթներով ձգած, շքեղ, փայտե դարպասի դուռը:
Դուռը բացեց ճերմակահեր, ազնվական դիմագծերով, արծվաքիթ, բարձրահասակ, տարեց տանտերը: Ծերունին խոնհարվեց նրան ու ջերմորեն ողջյունեց հյուրին:
Սևաչյա, թուխ, երկար և սուր բեղերով հյուրը իր սուր հայացքով ուշադիր զննեց վաղեմի բարեկամին և թեթևակիորեն ողջագուրվեց նրան, շշնջալով.
– Միշտ ինձ հաճելի է քեզ տեսնել ողջ ու առողջ, եռանդուն վիճակում:
Ծերունին կողմ քաշվեց, աջ ձեռը սղմելով կրծքին, նորից խոնհարվեց.
– Օ՜, տիրակա՛լ, ինձ համար առավել ևս հաճելի է քեզ տեսնել իմ նոր օջախում,– ու հրավիրեց հյուրին ներս մտնել, ուղեկցելով նրան դեպի իր տան շեմը:
– Առաջին անգամ եմ քո նոր օջախում,– շարունակեց սևատարազ հյուրը, որը բավականին ջահել ու ամրակազմ էր և նրա ամեն մի շարժուձևից զգացվում էր, որ հասարակ մարդ չէր, թեկուզ փորձում էր այդպիսին ձևանալ:
Եվ իրոք, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ այդ պարզ ու հասարակ հանդերձանքի տակ թաքնված է հենց ինքը, Պարսկաստանի ահեղ ու իմաստուն տիրակալ Շահ Աբբաս Առաջինը:
Ծերունին, որը այդ տարիներին հայտնի վաճառական էր, կամաց–կամաց ետ էր քաշվել առևտրական մեծ գործերից, ճանապարհորդություններից, իր տեղն ու գործերը զիջելով իր միակ որդուն, որը շարունակում էր իրենց տոհմական գործը, գտնվելով ներկա պահին Հնդկաստանում:
Նա Շահ Աբբասի վաղեմի ծանոթն ու բարեկամն էր: Իրենց ծանոթության առաջին իսկ օրից շահը չէր դադարում հիանալ տարեց, իմաստուն ու մեծահոգի հայ վաճառականով, գտնելով, որ մեծահոգությունը հազվադեպ երևույթ է վաճառականների համար: Սակայն երբեմն հանդիպելով այլ հայ վաճառականների հետ, ժամանակի ընթացքում, ասես թե սկսում էր փոխել իր կարծիքը, երբեմն շեշտելով ինքն՝ իրեն. «Չէ, հայերը ուրիշ են, նրանք այս երկրի աղն են, առանց նրանց ամեն ինչ կորցնում է իր համն ու հոտը»…
Առանձին ջերմությամբ էր հիշում Շահ Աբբասը, թե ինչպես նա Ջուղայի առևտրականներին, ձմռան մի օր, երբ առաջին անգամ նրան դիմավորեցին, ճաշկերույթի ժամանակ ասաց, որ իր սիրտը սունկ է ուզում, գիտակցելով, որ նրանք ոչ մի տեղից սունկ չէին կարող գտնել, առավել ևս ձմռանը:
Բոլորից հնարամիտը, իր վաղեմի առևտրական բարեկամն էր, որ առաջարկեց ընկերներին, սնկի փոխարեն, սեղանին դնել շահի համար ոսկե սկուտեղի վրա լիքը ոսկի: Շահը ապշած ու հիացած էր այդ հնարամիտ քայլից, անգամ նախանձեց հայ առևտրականներին, չարացավ, որ սրանք, այս հայերը, կարող էին այդպիսի շռայլություններ թույլ տալ: Իսկ իրենց քաղաքը, Ջուղան ավելի զարգացած, ավելի հարուստ քաղաք էր, քան Պարսկաստանի որևե քաղաք, որը ևս նախանձանքի մեծ ալիք բարձրացրեց նրա հոգում:
Հենց այդ ժամանակ էլ շահի մտքում ծլեց այն չարաբաստիկ գաղափարը, որ հայերին հարկավոր է տեղահանել Պարսկաստան և իշնորհիվ նրանց գործնական առևտրական տաղանդի, կարելի է զարգացնել, Պարսկաստանը:
Եվ այդ առիթը նա օգտագործեց 1604–1605 թվականներին, օգտվելով թուրքիայի սուլթանի հարձակումից, գտնելով, որ Հայաստանի ամենից թանկարժեք գանձը, դա հայերն են: Քշեց ու տարավ իր հետ Պարսկաստան:
Իր վաղեմի բարեկամի տունն ներսից ծանոթանալուց հետո, տանտերը նրան հրավիրեց տան հետևի բակի այգին:
Ծառի ստվերների տակ մի շքեղ, հայկական նախշազարդ գորգի վրա արդեն սեղանը պատրաստ էր, տարբեր հայկական ու պարսկական ուտատեսներով և աղախինները, տանտիրուհու կարգադրությամբ, արդեն տաք կերակուրներն էին բերում:
Շահը չթաքցրեց իր զարմանքը.
– Որտեղի՞ց գիտեիր, որ քեզ հյուր պիտի գայի:
Ծերունին բարեհամբյուր ժպտաց.
– Տիրակա՛լ, սիրտս զգում էր…